Երեւանի կենտրոնի բակերում բնակիչների կողմից ուղեփակոցների («շլագբաում») տեղադրումը լուրջ խնդիր է դարձել, երբ անհրաժեշտության պահին շտապօգնության կամ հրշեջ մեքենանները չեն կարողանում մոտենալ շենքերին եւ օգնության հասնել այդ նույն քաղաքացիներին: 

Մի կողմից բնակիչները ուղեփակոցներ տեղադրելով, փորձում են կանխել այլ ավտոմեքենաների մուտքն իրենց բակ, սակայն մյուս կողմից, հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անեն, եթե շենքում հրդեհ բռնկվի կամ ինչ-որ մեկը իրեն վատ զգա, եւ անհրաժեշտ լինի, որ «Հրշեջծառայության» կամ «Շտապօգնության» մեքենան մոտենա շենքի մուտքին:

NEWS.am-ի շրջայցը Երեւանի կենտրոնի բակերում ցույց տվեց, որ օրեցօր ավելանում է այն բակերի թիվը, որոնք ուղեփակոցներով առանձնացնում են իրենց բակը եւ այդպիսով փակում այն «օտար մարդկանց» համար: Ուղեփակոցների կամ ժողովրդի լեզվով ասած «շլագբաումների» հարցը որեւէ օրենքով չի կարգավորվում, հետեւաբար` որեւէ մեկը չի կարող արգելել բնակչին տեղադրել ուղեփակոց, բայց մյուս կողմից էլ այդ «օրինական» քայլով բնակիչը խախտում է այլոց` ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը 

Ստացվում է, որ եթե հանկարծ հյուր ես գնացել այդ շենք, ապա տանտերը պետք է իջնի եւ բակի ուղեփակոցները բացի հյուրի առաջ:

Խնդրի առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ ամբողջ բակի տարածքը բաժնային սեփականություն է եւ դրա կառավարումը համատիրությանն է.«Շենքի, բակի հետ կապված ցանկացած հարց, ըստ էության, բնակիչների խնդիրն է եւ նրանք պետք է որոշում կայացնեն, այս համատեքստում նրանք իրավունք ունեն այդտեղ ինչ-որ բաներ տեղադրել»,- նշեց Արթուր Գեւորգյանը: Նրա խոսքով` բակերում ուղեփակոցների հարցը որեւէ օրենքով չի կարգավորվում, ոչ թույլատրվում է ուղեփակոցներ տեղադրել, ոչ էլ արգելվում է: Ըստ էության, այստեղ առկա է օրենսդրական բաց, քանի որ ուղղակի կապ ունի մարդկանց անվտանգության եւ առողջության հետ: