Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգեւների արժանացած մի խումբ անձինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ նախագահի կողմից ստացել են իրենց պարգեւները:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել Իրաքի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, գերաշնորհ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հայ երգարվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել են Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար Օֆելյա Համբարձումյանը, Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մացակի Մաթեւոսյանը:Արվեստի եւ մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Պատվո շքանշանով է պարգեւատրվել կոմպոզիտոր Ալեքսանդր Գրիգորի Հարությունյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ժողովրդական արտիստուհի Ժենյա Սեդրակի Ավետիսյանը:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել գրող, գրականագետ Արտեմ Միքայելի Հարությունյանը:Ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար կոմպոզիտոր Տիգրան Եղիայի Մանսուրյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով: Գիտության, կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա եւ արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Վարդգեսի Աթոյանին,Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկական մեթոդների եւ մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Երվանդի Բաղդասարյանին,Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Կորյունի Եզեկյանին,Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշալույս Պողոսի Թարվերդյանին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխա-տող, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Եփրեմի Խաչիյանին:
Հայրենի արվեստի եւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել կոմպոզիտոր Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանին, կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեղունի Հովհաննեսի Չթչյանին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Երվանդի Ծատուրյանին, երգչուհի Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանին, «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Գեւորգի Պողոսյանին, կոմպոզիտոր, Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, դիրի-ժոր, դաշնակահար Մարտին Ցոլակի Վարդազարյանին: Ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանին:
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել բռնցքամարտիկ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը (Արթուր Աբրահամը), բռնցքամարտիկ Վախթանգ Ռուբիկի Դարչինյանը:Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն, գլխավոր մարզիչ Արկադի Գեորգիի Անդրիասյանը եւ «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Էդուարդ Արտյոմի Մարկարովը: ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Հովհաննես Զանազանյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար:




























