Միթե ՊՆ-ն բան ու գործ թողած կայք է ջարդում, APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն, անդրադառնալով «Ենի Մուսավաթ» թերթի մեղադրանքներին, թե ՊՆ-ի կողմից է իրենց կայքը հաքերային հարձակման ենթարկվել:
Նա մասնավորապես ասել է. «Ես զրուցել եմ թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուի հետ, բավական լարված խոսակցություն ենք ունեցել: Զգում եմ, որ կասկածում է մեզ, սակայն նրա կասկածներն անհիմն են: Ծիծաղելի է: Միթե ՊՆ-ն բան ու գործ թողած կայք է ջարդում: Մենք անհրաժեշտ ենք համարում, օրենքին գերապատվություն տալով, հանդես գալ բոլորովին այլ հարթակից: Դատարանում «Ենի Մուսավաթ» թերթից ապացույցներ եւ փաստարկներ ենք պահանջելու»:
Նշենք, որ «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն APA-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ իրենք կասկածներ ունեն, որ ՊՆ-ն ջարդել է թերթի ինտերնետային կայքը: «Մենք կասկածում ենք, որ կայքը նրանք են ջարդել: Դրա պատճառն այն է, որ վերջին շրջանում մեր կայքում եւ թերթում հայտնվել են քննադատական հոդվածներ ՊՆ-ի մասին: Դրան ՊՆ-ն ագրեսիվ է արձագանքում: Մեր կայքը տարբեր հարձակումների է ենթարկվում: Եթե իմ կասկածների համար ՊՆ-ն մեզ դատի է տալիս, ապա այսուհետեւ պատասխան է տալու համաշխարհային հանրության առջեւ»,-հայտարարել է թերթի գլխավոր խմբագիրը:



























