Եթե «Ժառանգություն» կուսակցությունը որոշի իր ամբողջ ներուժն այժմվանից սկսած ուղղել դեպի ընտրական գործընթացներ, կասկած չկա, որ կմտնի խորհրդարան եւ կունենա ավելի շատ մանդատներ, քան ունի այսօր։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման վստահություն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։«Դա, սակայն մեզ համար կենաց նպատակ չէ։ Ուղղակի առաջիկա գործընթացները ցույց կտան, որ «Ժառանգությունը» մնալու է մայրուղում»,- վստահություն հայտնեց նա։

Հարցին, թե ի՞նչ տվեց խորհրդարանական բոյկոտը կուսակցությանն ընդհանրապես եւ իրեն՝ մասնավորապես, Հովհաննիսյանն ասաց. «Չգիտեմ՝ բոյկոտն ի՞նչ տվեց, սակայն յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, իր մոտեցումները։ Կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտում պետք է լիներ գոնե մեկ ուժ, որը պիտի բարձրացներ կոալիցիոն հուշագրի հակասահմանադրականությունը եւ հակաիրավականությունը։ Վերջին շրջանում նախագահը գեղեցիկ ելույթներ է ընթերցում, բայց դրանց տարրերը չեն համապատասխանում մեր իրականությանը: Սա հերթական ապացույց է, որ խոսքի եւ գործի միջեւ հսկայական խզում կա։ «Ժառանգությունն» արտահայտվեց, որ անթույլատրելի է՝ նախագահական նստավայրում ժողովրդի փողերով շամպայն խմել եւ միջկուսակցական պայմանավորվածություն հռչակել։ Հակառակ սահմանադրական բոլոր պահնաջներին՝ գործող նախագահը որոշել է առաջիկա 7 տարիներին լինել պետության հոմանիշը։ Մենք համարում ենք որ դա անընդունելի է»,- նկատեց Հովհաննիսյանը։

Ամփոփելով՝ «Ժառանգության» ղեկավարն անդրադարձավ նաեւ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության հնարավոր ձեւաչափին. «Մենք, պատրաստ լինելով առանձին անցնել առաջիկա ճանապարհը, կարող ենք նաեւ քննարկել վերկուսակցական ուժերով այլընտրանքի ստեղծումը: Այնուամենայնիվ, ընտրություններին մեր մասնակցության մասին կհայտարարենք ավելի ուշ»:Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին։

Նշենք նաեւ, որ փետրվարի 17-ին  Հայաստանի երեք իշխող կուսակցությունները կոալիցիոն նոր հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գալու եւ 2013-ի նախագահական ընտրություններին երկրի գործող նախագահին սատարելու դրույթները: Հուշագրում նշվել է, որ նրանք պահպանելու են խորհրդարանում ունեցած համամասնությունը: