Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը նախօրեին մեծ վերջակետ է դրել Անկարայի արտաքին ու էներգետիկ քաղաքականության վրա որեւև կերպ ազդելու Ադրբեջանի հնարավորության մասին դատարկ խոսակցություններին։ Այդ բոլոր անլուրջ խոսակցությունները ունեին միայն մեկ նպատակ՝ արհեստականորեն բարձրացնել Ադրբեջանի տարածաշրջանային ազդեցությունը հռետորության մակարդակում։ Իրականում, Բաքուն արդեն վաղուց սպառել է էներգետիկ բռնապետության հնարավորությունը, քանզի չունի ո՛չ անհրաժեշտ ծավալներով ածխաջրածնային պաշարներ, ո՛չ ուղիների տարանջատման հնարավորություններ, ո՛չ քաղաքական կշիռ, որպեսզի խոչընդոտի Թուրքիայի ռազմավարական խնդրին, այն է՝ ապահովել իրեն ածխաջրածինների դեպի Եվրոպա ճանապարհին հաղորդակցության կարեւորագույն օղակի դիրքով։ Հենց այդ նպատակով էին միլիարդավոր դոլարներ ներդրվում Բաքու-Ջեյհան ու Բաքու-Էրզրում նախագծերում։ Դատարկ թողնել այդ հաղորդակցությունները Ալիեւի համար նույնքան անհնար է, որքան, ասենք, Ադրբեջանի նախագահի աթոռը ինչ-որ Իսա Ղամբարի զիջելը։

Այսպիսով, Կասպից ծովի Ադրբեջանին հասանելի պաշարների տարանցման ուղղությունը վերցված է եւ փոփոխության ենթակա չէ։ Այլ բան է, որ այդ պաշարների ծավալն այնքան է, որ չի կարող լիովին հագուրդ տալ Թուրքիայի պատվախնդրությանն ու Եվրոպայի կարիքներին։

Եվ սա արդեն Ալիեւի մեղքը չէ, որ Արեւմուտքը չկարողացավ կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղի նախագիծը։ Արդյունքում, Միջին Ասիայից դեպի Եվրոպա պաշարների արտահանման համար նախատեսված հսկայական երկու խողովակաշարերը (տարեկան 50 մլն. տոննա թողունակությամբ Բաքու-Ջեյհան նավթամուղն ու տարեկան մինչեւ 30 մլրդ. խոր. մետր թողունակությամբ Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ)) գազամուղը) գործնականում դեմ են առնում ադրբեջանական ցամաքող ջրհորին։ Ռազմավարական տեսանկյունից Բաքու-Թբիլիսի-Էրզրումը նախատեսված էր ոչ թե ադրբեջանական, այլ կենտրոնասիական գազի համար։ Հենց Կասպից ծովի հատակով անցնող գազամուղի շինարարությունը կարող էր ԲԹԷ-ն վերածել Nabucco-ի մի մասի։ Իսկ այսօր Ադրբեջանը կկարողա այն լցնել ընդամենը մեկ երրորդով, եւ դա չի կարող բավարարել ոչ միայն Թուրքիային, այլեւ Եվրոպայի վերջնական սպառողներին։ Հարկ է հիշեցնել, որ Nabucco գազամուղը նախատեսված է շուրջ 30 մլրդ. խոր. մետր գազի փոխադրման համար, այնպես որ ադրբեջանական ջանքերն ընդամենը մի կաթիլ են ծովում։ Տարբեր գնահատումներով, մոտակա տասնամյակում ադրբեջանական կողմը այդ խողովակաշարին կկարողանա մատակարարել 5 մլրդ. խոր. մետրից ոչ ավելի գազ, այն դեպքում, երբ դրա գործարկման համար անհրաժեշտ է նվազագույնը 15 մլրդ. խոր. մետր գազ։ Դեռ ավելին, այն ծավալը, որն այսօր ապահովում է Ադրբեջանը, նույնիսկ կարգին չի էլ հասնում Թուրքիա։ Հիշենք, որ տարանցիկ Վրաստանը՝ վերջնականապես փչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, լիովին մնացել է ադրբեջանական գազի հույսին, իսկ Թուրքիան մեծահոգաբար վրացիներին է փոխանցել ԲԹԷ-ի գազի իր մասնաբաժինը։ Այսպիսով, Թուրքիան Ադրբեջանից չի ստացել գազի ռազմավարական ծավալները, եւ հազիվ թե ստանա։

Գիտակցելով, որ Ռուսաստանը դուրս կգա իր կաշվից, սակայն թույլ չի տա խողովակաշարն անցկացնել Կասպիցի հատակով, թուրքերը զուր ժամանակ չվատնեցին եւ միացան ռուսաստանյան «Հարավային հոսք» նախագծին։ Nabucco-ից վերջինիս միակ տարբերությունն այն է, որ խողովակաշարը կրկին կմեկնարկի Միջին Ասիայից, սակայն կանցնի ոչ թե Կասպիցի հատակով, այլ նրա հյուսիսային ափով (Մերձկասպյան գազամուղ), ինչը, իհարկե, Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն չունի։ Ընդհակառակը, դրանով իսկ կկրճատվի Միջին Ասիայի ու Թուրքիայի միջեւ տարանցիկ երկրների թիվը՝ Ադրբեջանի ու Վրաստանի փոխարեն կմնա միայն Ռուսաստանը։ Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նրա իտալացի գործընկեր Սիլվիո Բեռլուսկոնիի ջանքերի շնորհիվ, Թուրքիան միացավ «Հարավային հոսքին»։ Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանը զգաց ավագ եղբոր ապտակի ծանրությունը, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Անկարան ու Երեւանը ստորագրում էին ցյուրիխյան արձանագրությունները։

Երկրորդ ապտակն առավել ծանրակշիռ էր։ Այն Բաքվի վզակոթին հասցվեց բառացիորեն երեկ, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Իրանում համաձայնեցրին Հարավային Փարս նախագծին Թուրքիայի մասնակցության մասին համաձայնագրի մանրամասները։ Դա աշխարհի գազի խոշորագույն հանքավայրերից մեկն է, որը գտնվում է Պարսից ծոցի ափին։ Սա է Nabucco-ի համար պաշարների իրական հիմքը, սակայն Ադրբեջանն այստեղ խաղից դուրս է։ Դեռ ավելին, խաղից դուրս վիճակում կարող է հայտնվել նաեւ Արեւմուտքը, քանի որ Թուրքիան պատրաստվում է բացել «իրանական տակառը» Ռուսաստանի մասնակցությամբ։ Մեր աչքի առաջ զարգացող թուրք-իսրայելական հակամարտությունը դրա լավագույն ապացույցն է։ Այսպիսով, Ռուսաստանը «Հարավային հոսք» եւ «Երկնագույն հոսք» գազամուղների համար ներգրավում է Միջին Ասիայի պաշարները, իսկ Թուրքիան ապահովում է իրանական գազի եվրոպական շուկաներ դուրս գալը։ Այսպիսով, Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրը կարող է լուծվել Թուրքիայի ու Ռուսաստանի համատեղ ջանքերով՝ Իրանի էներգետիկ ներուժի պարտադիր օգտագործման պարագայում։

Ստեղծվող էներգետիկ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունում սկզբունքային դեր կարող է կատարել Հայաստանը։ Համենայնդեպս, վերջին տարիներին Ռուսաստանը դանդաղորեն, սակայն ճիշտ կերպով էլեկտրա-էներգետիկ հզոր հենակետ էր ստեղծում հայկական տարածքում։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Իրան-Հայաստան գազամուղի առկայությունը, ապա հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումից հետո Երեւանի հեռանկարներն ավելի քան գայթակղիչ են դառնում։

Իսկ Ադրբեջանին մնում է մեկ բան՝ եւ այսուհետ էլ կերակրել Եվրոպային խոստումներով, փոխհատուցում մուրալ Թուրքիայից ցածր գնով մատակարարված գազի դիմաց, ինչպես նաեւ փորձել ստանալ Մոսկվայի աջակցությունը՝ «Գազպրոմ»-ին գազի ծիծաղելի ծավալներ (500 մլն. խոր. մետր) մատակարարելով ծայրամասային ուղիներով։