Պաշտպանության նախարարությունը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ահազանգով հատուկ հանձնաժողով կգործուղի զորամաս, որտեղ զինվորներին արձակուրդ տալու հետ կապված խնդիրներ կան:

Նախաձեռնությունն ահազանգ է ստացել` ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում զինվորներին տրամադրվող արձակուրդների հետ կապված լուրջ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, զորամասում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկը հայտնել է նախաձեռնությանը, որ առանց այսպես կոչված «հեռախոսազանգի», որեւէ մեկին արձակուրդ չի տրամադրվում, իսկ դրա առկայության դեպքում էլ` տրամադրվում է օրենքով սահմանվածից պակաս օրերի չափով: Այս տեղեկությունը «Չենք լռելու»-ին հաստատել են նույն զորամասի տարբեր ստորաբաժանումներում ծառայող երկու այլ զինվորներ:

«Չենք լռելու»-ի ակտիվիստները ահազանգի մասին հեռախոսով հայտնել են ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ա. Ալեքսանյանին, ով խոստացել է անհապաղ զբաղվել խնդրով եւ զորամաս գործուղել հատուկ հանձնաժողով: