Երեւանում, այսօր` սեպտեմբերի 19-ի երեկոյան, տեղի կունենա «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մրցույթի առաջին մրցանակին է արժանացել Նվեր Ղազարյանը, ում նկարում  անկախությունն արտացոլված է եռագույնի երանգներն ընտրած մանկան հայացքում:  Նշենք, որ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկել է օգոստոսի  29-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը եւ նվիրված լինեին ՀՀ Անկախության 20-րդ հոբելյանին:

Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն էր ու ստեղծագործական մոտեցումը, ապա նոր լուսանկարների որակը, քանի որ մրցույթը նախատեսված էր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար: Լուսանկարները տեղադրվում էին ՀՀ Անկախության  20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկելուն պես հետաքրքրություն առաջացրեց սոցիալական ցանցերում:  18 օրվա ընթացքում  ներկայացվել է 214 լուսանկար: Մասնակցել են տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից: Լուսանկարներում հիմնականում իշխում էր եռագույնը,   շատ էին երեխաների մասնակցությամբ լուսանկարները: Մրցույթին ներկայացված լուսանկարների մեծամասնությունը հագեցած էին լավատեսական տրամադրությամբ, կային նաեւ Հայաստանի սոցիալական խնդիրները պատկերող լուսանկարներ: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է երեք լավագույն լուսանկարը:

Ժյուրիի կազմում են եղել «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչները, www.photo.am կայքի ներկայացուցիչ Գեւորգ Կարապետյանը եւ ՀՀ Անկախության   20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը: «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի հաղթող է ճանաչվել Նվեր Ղազարյանը, երկրորդ մրցանակին արժանացել է  Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը, իսկ երրորդը`Արման Ղարաջանյանն է: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր եւ հուշանվերներ «Հայաստանը դու ես»  կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաեւ Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը: