Հայ ազգային կոնգրեսը քննադատում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 8-ին ընդունված՝ մարտի 1-ի էջը փակված համարելու մասին նախագիծը եւ հայտարարում, որ նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, մեծապես կհարվածի այդ կառույցի հեղինակությանը։ Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, այդ նախագծի ընդունումը կապացուցի, որ ԵԽԽՎ-ն սատարում է հայաստանյան ոչ լեգիտիմ, ընտրությունները կեղծած իշխանությանը, խրախուսում մարտիմեկյան դեպքերի հնարավոր կրկնությանն ու հակասում իր իսկ կողմից նախկինում ընդունված նախագծերին։ Զուրաբյանի կարծիքով, ժողովրդավար աշխարհը, անգամ WikiLeaks-յան բացահայտումներից հետո, շարունակում է աչք փակել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
«Եթե նման բացահայտումներից հետո աշխարհը շարունակի աչք փակել այս ցինիկության վրա, շատ վատ կլինի։ Բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ը հաղթել է ընտրություններում, եւ այդ հաղթանակը խլվել է նրանից։ Ի դեպ, չկա ոչ մի երաշխիք, որ հաջորդ անգամ նույնը չի կրկնվի։ Ժողովրդավարական աշխարհը, փոխանակ աջակցի եւ օգնի Հայաստանին, աչք է փակում կատարվածի վրա։ Այդ է պատճառը, որ պայքարը պիտի կազմակերպել ներսում, եւ երբ աշխարհը տեսնի, որ մեր կամքն անկոտրում է, կկանգնի մեր կողքին»,-հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ ստեղծված իրավիճակից միակ ելք տեսնելով ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին։ Ամփոփելով՝ Զուրաբյանը իշխանությունների «բերանը փակելու» միջազգային մեթոդներից համարեց փաստը, որ աշխարհին ձեռնտու է Հայաստանում ունենալ խոցելի լեիգիտությամբ իշխանություն, որին կկարողանա պարտադրել որոշակի լուծումներ ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացներում: «Նրանք պատրաստ են այդ քաղաքականությունը տանել այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը դուրս չի գալիս վերահսկողությունից»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի էջը փակված համարելու մասին դրույթը հնչեցված էր Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծում։



























