Հայաստանի ԿԳՆ նախաձեռնությամբ այսօր` սեպտեմբերի 19-ին, մեկնարկել է լրացուցիչ եւ շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում արտերկրից հրավիրված փորձագետները ներկայացրել են այս ոլորտի միջազգային փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել Լեհաստանի, Չեխիայի եւ Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերին, օրենսդրական դաշտին եւ մոդուլյային կրթությանը: Ելույթ ունեցողները կարեւորել են լրացուցիչ եւ շարունակական կրթության անհրաժեշտությունը, շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաեւ աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ:




























