Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյաննը, սեպտեմբերի 17-ին, այցելել է Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց, որը հիմնադրվել է 1997 թվականին` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանի կողմից եւ ունի շուրջ երեսուն աշակերտ:
Դպրոցում դասավանդվում են հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, կրոնի եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն, ինչպես նաեւ ձեռագործություն, գեղանկարչություն եւ երգեցողություն: Դեսպանը շնորհավորել է դպրոցի անձնակազմին, աշակերտներին եւ ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Իր խոսքում դեսպան Սեյրանյանը կարեւորել է սփյուռքահայ կրթօջախների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի կրթության եւ դաստիարակության, հայապահպանման եւ համայնքների համախմբման գործում:
Հայաստանի դեսպանը համառոտ ներկայացրել է Չեխիայում Հայաստանի նորաբաց դեսպանության գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու դպրոցի աշխատանքներին:
Հանդիպման ավարտին դեսպան Սեյրանյանը պատասխանել է ներկաների հարցերին:




























