Այսօր` սեպտեմբերի 19-ին, Վարագա Սուրբ Խաչի շաբաթապահքի 1-ին օրն է: Շաբաթապահքերը հաստատվում են`ընդգծելու եկեղեցական կարեւոր տոները:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ դարեր շարունակ Վարագա Սուրբ Նշանը եղել է մշտական ուխտատեղի հայ հավատացյալի համար: Տոնը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաեւ Խաչին նվիրված զուտ ազգային տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան: Մինչեւ Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արեւելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին եւ խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչեւ 7-րդ դարը:




























