ԱՄՆ-ն ունի հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Չինաստանի կառավարությունը դիտարկում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր եւ զինամթերք տրամադրելու հնարավորությունը՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պեկինը դեռ վերջնական որոշում չի կայացրել, հայտնում են աղբյուրները, սակայն Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ սարքավորումների գնի եւ ծավալի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։

Ուկրաինա մուտք գործելուց հետո Ռուսաստանը բազմիցս անօդաչու սարքեր եւ զինամթերք է խնդրել Չինաստանից, ասել են հետախուզությանը ծանոթ աղբյուրները, եւ Չինաստանի ղեկավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվորեն քննարկում է նման օգնություն ուղարկելու հարցը:

Սակայն վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ հետախուզության աշխատակիցները տեղեկություններ են հավաքել, որոնք վկայում են այն մասին, որ Չինաստանը հակված է սարքավորումների տրամադրմանը:

ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցներն անցյալ շաբաթ սկսել են հրապարակայնորեն նախազգուշացնել Ռուսաստանին Չինաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին՝ «փորձելով Պեկինին հետ պահել դրանից եւ թույլ չտալ հատել այն կետը, որից հնարավոր չէ հետ վերադառնալ,- հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:

Ամերիկյան պաշտոնյաները մանրամասն չեն նկարագրել, թե հետախուզական ինչ տվյալներ է ստացել ԱՄՆ-ը, որը ցույց է տալիս Չինաստանի դիրքորոշման փոփոխություն, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները բավականաչափ մտահոգված են վերջին շաբաթվա ընթացքում դաշնակիցների եւ գործընկերների հետ տեղեկատվությունը ակտիվորեն փոխանցելու համար:

Ուրբաթ օրը Ռուսաստանին մահաբեր սարքավորումների հնարավոր վաճառքի մասին հարցին Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը միշտ խելամիտ եւ պատասխանատու մոտեցում է ցուցաբերել ռազմական արտահանման հարցում եւ զենք չի վաճառում հակամարտող տարածքներին կամ պատերազմող կողմերին։

Անօդաչու թռչող սարքերի եւ զինամթերքի մատակարարումը, որը, հավանաբար, նախատեսված է ոչ թե խոշոր հրետանու, այլ հրազենի համար, կնշանակի Չինաստանի աջակցության զգալի ավելացում Ռուսաստանին, որը մինչ այժմ հիմնականում սահմանափակվել է չինական ընկերությունների կողմից ոչ մահաբեր սարքավորումների մատակարարմամբ:

Դա նաեւ ռուսական կարողությունների զգալի ուժեղացում կապահովի կրիտիկական պահին:

Գերմանական Der Spiegel թերթն առաջին անգամ հայտնել է, որ Չինաստանը կարող է Ռուսաստանին հարվածային անօդաչու սարքեր մատակարարել։