Պաղեստինի եւ Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունները կհանդիպեն Հորդանանում՝ փորձելով թուլացնել լարվածությունը մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա նախաշեմին, հաղորդում է PA Media-ն:
Իսրայելը հայտնել է, որ կիրակի օրվա հանդիպմանը կմասնակցի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, ինչպես նաեւ ներքին անվտանգության «Շին Բեթ» գործակալության ղեկավարը։
Սպասվում է նաեւ պաղեստինյան հատուկ ծառայությունների ղեկավարի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խորհրդականների մասնակցությունը։
Աբբասի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինցիները «կընդգծեն Իսրայելի բոլոր միակողմանի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»:
Իսրայելական կողմը նշել է, որ առաջիկա հանդիպումը կոչված է թուլացնել լարվածությունը Ռամադանի նախօրեին եւ կազմակերպվել է ԱՄՆ-ի խնդրանքով։
Իր հերթին, Հորդանանի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ ասել է, որ հանդիպումը կոչված է դադարեցնել Իսրայելի միակողմանի գործողությունները, ամրապնդել վստահությունը եւ կողմերի միջեւ ավելի համակողմանի շփումների հանգեցնել։
Նա հայտնել է, որ հանդիպումը կկայանա Հորդանանում Կարմիր ծովի ափին գտնվող Աքաբա առողջարանային քաղաքում։
Պաղեստինցիները, որոնք դեմ են Իսրայելի հետ որեւէ պաշտոնական շփման, հայտարարել են, որ բողոքելու են, մինչդեռ իսլամական ՀԱՄԱՍ խմբավորումը քննադատել է հանդիպումը:
Իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բռնության մակարդակն աճել է, երբ Իսրայելը հաճախացրել է իր հարձակումները Արեւմտյան ափի քաղաքների եւ գյուղերի վրա:
Այս տարի ավելի քան 60 պաղեստինցի է սպանվել Արեւմտյան ափին եւ արեւելյան Երուսաղեմում։
Իսրայելցիների վրա պաղեստինցիների հարձակումների հետեւանքով 11 մարդ է զոհվել։
Այս տարի Ռամադանը համընկնում է հրեական մեկշաբաթյա Պեսախ տոնի հետ, եւ ակնկալվում է, որ երկու դավանանքների հավատացյալները կգան Երուսաղեմի Հին քաղաքի սուրբ վայրեր, որոնք հաճախ կողմերի միջեւ բռնության օջախ են դառնում:





























