2014 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ մեզնից շատերը կգերադասեն հոսանքահարել իրենց, քան ձանձրույթ զգալ: Էվոլյուցիոն տեսանկյունից ձանձրույթը կարող է առավելություն լինել որոշ կենդանիների համար, քանի որ ստիպում է նրանց փնտրել նոր բնակավայրեր: Այդ մասին գրում է «Новая наука»-ն։
Հոգեբան Ջոն Իսթվուդը, որը մասնագիտացած է ձանձրույթին վերաբերող հարցերում (նա գիրք է գրել դրա մասին), ձանձրույթը դիպուկ սահմանել է որպես «Ցանկության բացասական ապրում, բայց գործունեության բավարարվածությանը մասնակցելու անկարողություն»: Իսթվուդն այդ բառերն օգտագործելու ծանրակշիռ պատճառ ունի։ Ամեն ինչ հանգում է այն «ցանկությանը», որի մասին նա խոսում է, իսկ այդ ցանկությունը հանգում է խթանմանը, ուշադրությանը եւ նպատակին (կամ իմաստին):
2014 թվականին Վիրջինիայի համալսարանի ուսումնասիրությունը նպատակ ուներ պարզել, թե արդյոք մարդիկ կարող են դիմանալ 6-15 րոպե «մենակությանը»: Հիմնական գաղափարն այն էր, որ մասնակիցներին կարճ ժամանակով մենակ էին թողնում սենյակում՝ առանց արտաքին կամ ներքին ազդակների։ Մասնակիցների համար միտումնավոր ստեղծում էին անճաշակ միջավայր (դատարկ պատեր, մեկ սեղան եւ աթոռ), որը կստիպեր նրանց ընկղմվել սեփական մտքերի մեջ: Պարզ է հնչում, չէ՞: Պարզվում է՝ ոչ այնքան։ Իրականում արդյունքները կարող են նույնիսկ մի փոքր անհանգստացնող լինել: Հետազոտության մասնակիցների կեսը կամավոր նախընտրել է իրեն թույլ էլեկտրական ցնցում տալ, քան միայնակ մնալ իր մտքերի հետ: Յուրաքանչյուր փորձից հետո մասնակիցներին առաջարկել են գնահատել սենյակում անցկացրած ժամանակը: Նրանց խնդրել են գնահատել փորձը բավարարվածության կամ հաճույքի ինը բալանոց սանդղակով: Մասնակիցներից շատերը նշել են բավարարվածության ավելի ցածր մակարդակ (հինգ կամ ավելի ցածր), այնպես որ ընդհանուր կարծիքը միանշանակ է եղել. «Ոչ, սա մեզ համար զվարճալի փորձ չէր»: Մասնակիցների մեծ մասը նույնիսկ նշել է, որ իրենք հուսահատ երազել են արտաքին ազդակներ՝ այս կամ այն ձեւով: Ոմանք նույնիսկ այն աստիճանի, որ պատրաստ են եղել իրենց շոկի ենթարկել:
Այսպես, եթե ձանձրույթը խորը դժգոհություն է առաջացնում եւ մեզ տառապանքներ է պատճառում, ապա մեր ինչին է ընդհանրապես պետք այս հույզը: Ո՞րն է ձանձրույթի էվոլյուցիոն նպատակը: Էվոլյուցիայի տեսանկյունից ձանձրույթը կարող է շատ օգտակար լինել: Կենդանիները, որոնք հեշտությամբ ձանձրանում են, էվոլյուցիոն ընտրության ընթացքում գերադասում են նոր տիրույթներ յուրացնել կամ նոր բաներ ստեղծել: Դա պայմանավորված է նրանով, որ ինքնահանգստացումը վտանգավոր էվոլյուցիոն ռազմավարություն է: Կենդանին, որը բավարարվում է մեկ տիրույթին հարմարվելով, կապված է այդ տարածքի հետ իր գոյատեւման համար: Կենդանին, որը նոր տարածքներ է փնտրում եւ կարող է գոյատեւել տարբեր պայմաններում, ավելի հավանական է, որ գոյատեւի ընդհանուր առմամբ: Երբ մենք ձանձրանում ենք, մենք փնտրում ենք խթանման ցանկացած աղբյուր: Ավելին, մենք ակտիվորեն ենք փնտրում այն։ Ձանձրույթը, ինչ-որ իմաստով, նպաստել է կենդանիների կարողությունների ընդլայնմանը։ Բավարարված կենդանիները երբեք նոր բան չեն փնտրում հենց այն պատճառով, որ նրանք բավարարված են։ Մարդիկ ուսումնասիրել են նոր տիրույթներ եւ առաջ են շարժվել դեպի բարձր քաղաքակրթություններ:





























