Արդարադատության նախարարության ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հանդես եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման հիմնախնդիրներին:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2011թ. սեպտեմբերի 15-ին հասարակական դիտորդների խմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան` «Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման հիմնախնդիրները» թեմայով:
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական` Ն. Առուստամյանը, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության ծառայության բուժվարչության, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի, ԵԱՀԿ ներկայացուցիչներ, առողջապահության բնագավառի մասնագետներ, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի անդամներ եւ փորձագետներ:Զեկույցով հանդես եկան ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, որոնք ներկայացրեցին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման հետ կապված ընթացակարգային եւ օրենսդրական հիմնախնդիրները:Մասնավորապես Լ. Գասպարյանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկ – բժշկական աշխատանքային հանձնաժողով-միջգերատեսչական բժշկական հանձնաժողով շղթայում` դատապարտյալի բժշկական հետազոտման, առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության, պատժի կրումից աղատման հետ կապված թերությունները, որոնց վերաբերյալ դիտորդների խմբի կողմից հրատապ հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարությանը` կոնկրետ դատապարտյալների դեպքերով:
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Ն. Առուստամյանը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ինքնին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայությունը դեռեւս հիմք չէ դատապարտյալին պատժի կրումից ազատելու համար: Ըստ նրա, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարեւոր է գնահատել տվյալ հիվանդությունն ունեցող դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պայմաններում պատշաճ բժշկական ծառայության մատուցման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ նշվեց, որ մինչ այժմ բացակայում է միջգերատեսչական բժշկական հանաձնաժողովի գործունեության կարգը:Կլոր սեղանի մասնակիցները նշեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատճառաբանված որոշումների ընդունման անհրաժեշտության, ընդունված /հատկապես բացասական/ որոշումները դատապարտյալներին տրամադրելու հետ կապված խնդիրների մասին:Կլոր սեղանի ընթացքում բարձրացված հիմնախնդիրները եւ ներկայացված առաջարկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն` քննարկելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»:




























