Թերթը գրում է, որ ըստ ոստիկանության իր աղբյուրների` վերջին շրջանում Հայաստանում առավել հաճախակի է դարձել խարդախության մի ձեւ, որը զուգորդվում է, նաեւ շանտաժով: «Ավելին, ըստ նույն աղբյուրի, խոսքը գնում է ոչ թե խաբեության առանձին դրսեւորումների, այլ բավականին կազմակերպված խմբի գործունեության մասին:
Պարզվում է` դեռեւս ամռանն այդ խաբեբաների թիրախ են դարձել հիմնականում սննդամթերքի արտադրության, ինչպես նաեւ դրանց առեւտրով զբաղվող որոշ կազմակերպություններ: Մասնավորապես` դրանց շարքում են մսամթերթի, հացաբուլկեղենի, հյութերի, պահածոների, պաղպաղակի եւ այլ ոլորտների հայրենական արտադրողները: Խաբեբայության մեխանիզմը բավականին պարզ է`նույնիսկ պարզունակ: Նորօրա Օստապ Բենդերներն այցելում են կամ իմաց են տալիս վերոնշյալ ձեռնարկությունների ղեկավարներին, թե իբր նրանց արտադրած երշիկի, հյութի, պոնչիկի կամ պաղպաղակի մեջ պատահաբար, ասենք, մազ, ճանճ, որդ կամ ֆաունայի այլ ներկայացուցչի մաս են հայտնաբերել: Բնականաբար, հայտարարում են` եթե համապատասխան փոխհատուցում, հիմնականում նյութական, չստանան, ասենք, ԶԼՄ-ների կամ սոցցանցերի միջոցով մեծ աղմուկ կբարձրացնեն: Որքան էլ տարօրինակ է հնչում, այնուամենայնիվ, գործարարներից շատերը, շառից-փորձանքից հեռու մնալու համար, ենթարկվում են տանտիկինների շանտաժին` որոշակի կլորիկ գումարներ վճարելով նրանց:
Ըստ ոստիկանության մեր աղբյուրի` խաբեբաների գործունեության կասեցումը բարդանում է նրանով, որ մեզանում «կռուտոյի» համբավ ունեցող որոշ գործարարներ, անգամ այն բանից հետո, երբ հասկանում են, որ իրենց պարզապես խաբել են, չեն ուզում գործ ունենալ իրավապահ մարմինների հետ: Թեպետ, ասում են, ոստիկանությունն ունի նաեւ հանցավոր խմբավորման անդամներից ոմանց նկարները` արված բջջային հեռախոսով»,- գրում է «Հրապարակ»-ը:


























