Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի՝ ԱՄՆ-ում քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է «սկզբունքային, հետեւողական, վճռական եւ արդյունավետ մոտեցում ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա Սիրիայի հյուսիսում ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու հարցում։
Նրա խոսքով, ոչ ոք չպետք է Թուրքիայից լռություն ակնկալի երկրում եւ անմիջապես նրա սահմաններից դուրս ահաբեկչական սպառնալիքի առկայության դեպքում։
Նա հավելել է, որ Անկարան չի ընդունում միակողմանի քաղաքականության պարտադրումը, անկախ նրանից, թե ով է դա անում, եւ հույս ունի Միացյալ Նահանգների հետ զարգացնել հարաբերությունները՝ ելնելով փոխադարձ շահերից։





























