Երկարատեւ տեղատարափ անձրեւները հեղեղումներ են առաջացրել Մալայզիայի հարավային Ջոհոր նահանգում, որը գտնվում է Սինգապուրի հետ սահմանին, դրանց պատճառով տարհանվել է մոտ 40 հազար մարդ։

Վերջին մեկ շաբաթում զոհվել է առնվազն չորս մարդ, տեղեկացրել է  Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Իշխանություններն ստեղծել են 200 ապաստարաններ տարհանված մարդկանց համար, տեղեկացրել է տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը։

Մալայզիայում հեղեղումները սովորական երեւույթ են մուսոնների ժամանակ, որոնց սեզոնն ընդգրկում է հոկտեմբեր-մարտ շրջանը, բայց այս շաբաթվա հորդառատ անձրեւը ստիպել է Ջոհորի շատ բնակիչների ապաստան փնտրել։

Չնայած Ջոհորն ամենից շատն է տուժել, երկրի մյուս շրջաններում նույնպես տեղի են ունեցել հեղեղումներ, որոնց հետեւանքով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։

Օդերեւութաբանության վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին սպասվում են անձրեւներ, հիմնականում՝ հարավային նահանգներում։