Հյուսիսային Կորեան շաբաթ օրը ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգերի փլուզման մեջ եւ հայտարարել է, որ Փհենյանի միջուկային զենքը «արդար պատասխան է Կորեական թերակղզում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար», հաղորդում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը պետական լրատվական KCNA գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան «հատում են վտանգավոր գիծը, եւ դա չի կարելի հանդուրժել»:
Նախօրեին Yonhap գործակալությունը հայտնել էր մարտի 13-23-ը ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից համակարգչային մոդելավորման վրա հիմնված Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման մասին։





























