Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Միթհաթ Սանքարը շաբաթ օրն ընդդիմությանը միավորվելու կոչ է արել այն բանից մեկ օր անց, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու նպատակով ստեղծված առանձին վեց կուսակցությունների դաշինքը պառակտվել է նախագահի թեկնածուի առաջադրման շուրջ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը:

«Մենք կոչ ենք անում սոցիալական եւ քաղաքական ամբողջ ընդդիմությանը միավորվել ժողովրդավարության, արդարության եւ ազատության նպատակների շուրջ՝ հույս ներշնչելու համար»,- ասել է Սանկարը կուսակցության բարձրագույն ղեկավարության արտահերթ հանդիպումից հետո։

Ուրբաթ օրը ցնցող քայլի հետեւանքով, որը, ինչպես համարվում է, կբարձրացնի Էրդողանի վերընտրվելու հեռանկարները, աջ կենտրոնամետ ազգայնական IYI կուսակցությունը դուրս է եկել ամենամեծ ընդդիմադիր «Ազգի դաշինք»-ից՝ մյուս հինգ կուսակցությունների կողմից նախագահի թեկնածուի ընտրության պատճառով:

Երրորդ ամենամեծ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որն ունի 12% աջակցություն ազգային մակարդակով, դաշինքի կազմում չէ: Սակայն 2019 թվականին նրա հիմնականում քուրդ կողմնակիցները դաշինքին օգնել են հաղթել Ստամբուլի, Անկարայի եւ այլ քաղաքների քաղաքապետի ընտրություններում։

Նախքան IYI-ի հեռանալը անցկացված հարցումները ցույց են տվել, որ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության ընտրողները պետք է աջակցեն «Ազգի դաշինք»-ին՝ Էրդողանին հեռացնելու եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից խորհրդարանական մեծամասնությունը վերցնելու համար:

Տարիներ շարունակ «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը բախվում է կառավարության կողմից ճնշումների եւ հնարավոր արգելքի՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ենթադրյալ կապերի պատճառով, ինչը նա հերքում է: Հունվարին դատարանը սառեցրել է նրա բանկային հաշիվները՝ զրկելով նրան ֆինանսական աջակցությունից մայիսի 14-ին կայանալիք քվեարկությունից առաջ:

Անկարայի եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների կողմից ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ն 1984 թվականից ապստամբական պայքար է մղում Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արեւելքում, որի հետեւանքով ավելի քան 40 000 մարդ է սպանվել: