Փենսիլվանիայի բնակչուհին, որը անհետ կորել էր ավելի քան 30 տարի առաջ եւ նույնիսկ իրավաբանորեն մահացած էր ճանաչվել, ողջ է հայտնաբերվել Պուերտո Ռիկոյում, գրում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Առեղծվածային անհետացման դեպքերը հաճախ չի, որ այսպես են ավարտվում տասնամյակներ անց: Բայց 82-ամյա Պատրիսիա Կոպտան բացառություն է։ Նա այժմ դեմենցիայի դեմ բուժվում է ստանում ծերանոցում՝ մոտ 2700 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ նա անհետացել է:
Պատրիսիա Կոպտան ապրել է Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում եւ հավատացյալ կաթոլիկ է եղել, նա կանոնավոր կերպով մասնակցել է կիրակնօրյա պատարագին, գրում է Post-Gazette թերթը։
Աստիճանաբար նա սկսել է տարօրինակ վարքագիծ դրսեւորել, իռացիոնալ հայտարարություններ անել, օրինակ որ Աստվածամայրը հայտնվել է իրեն եւ նախազգուշացրել մոտալուտ միջուկային արմագեդոնի մասին:
1992-ին մի օր նրա ամուսին Բոբ Կոպտան վերադարձել է տուն եւ պարզել, որ Պատրիսիան անհետացել է: Նա անհետացման մասին հաղորդում է ներկայացրել տեղի ոստիկանություն։
Որոնումներն անարդյունք են անցել։ Մի օր էլ Բոբ Կոպտան ի վերջո օրինական հայտարարություն է ստացել, որ իր կինը մահացած է համարվում:
Սակայն իշխանություններն ավելի ուշ իմացել են, որ Պատրիսիա Կոպտային տեղավորել են Պուերտո Ռիկոյի ծերանոցում 1999 թվականի հունիսին, երբ նա օգնության կարիք է ունեցել։ Պատրիսիան թաքցրել է իր կյանքի մանրամասների մեծ մասը, բայց իր խնամակալներին ստիպել է հավատալ, որ ինքը կղզի է գնացել Եվրոպայից զբոսաշրջային նավով:
Պարզ չէ, թե կվերադառնա արդյոք Կոպտան երբեւէ Փենսիլվանիա: Նա հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ ծերանոցի աշխատակիցներին ասել է, որ գերադասում է մնալ Պուերտո Ռիկոյում:





























