Եգիպտոսի նախագահ Աբդլ Ֆաթահ ալ-Սիսին կիրակի օրը Կահիրեում բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հետ, քանի որ երկու երկրները ձգտում են խորացնել կապերը եւ ամրապնդել տարածաշրջանային դաշինքը Հորդանանի հետ, հաղորդում է Associated Press-ը:
Իրաքի վարչապետը վայրէջք է կատարել Եգիպտոսի մայրաքաղաքում․ օդանավակայանում նրան դիմավորել է իր գործընկեր Մուստաֆա Մադբուլին։
Այնուհետեւ Իրաքի վարչապետը նախագահական նստավայրում հանդիպել է Ալ-Սիսիի հետ։ Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին ասել է, որ բանակցությունների հիմքում եղել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ու անվտանգության կապերը։
Ֆահմին հայտարարության մեջ նշել է, որ երկու առաջնորդները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հորդանանի հետ համագործակցությունը։ Ֆահմին ասել է, որ բանակցություններին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի եւ առեւտրի նախարարները։
Այս ուղեւորությունը Ալ-Սուդանիի առաջին այցն է Կահիրե այն բանից հետո, երբ հոկտեմբերին Իրաքի խորհրդարանը հաստատել է նրա կաբինետի կազմը՝ վերջ տալով մեկ տարի տեւած քաղաքական փակուղուն:
Ալ-Սիսին Բաղդադ է այցելել 2021 թվականի հունիսին՝ դառնալով Եգիպտոսի առաջին պետության ղեկավարը, ով այցելել է Իրաք 1990-ականներից ի վեր, երբ Քուվեյթ Սադամ Հուսեյնի ներխուժումից հետո երկու երկրների միջեւ կապերը խզվել են:
Եգիպտոսը, Իրաքը եւ Հորդանանը ակտիվացրել են իրենց կապերը․ երկրների առաջնորդները 2019 թվականից ի վեր բարձր մակարդակի հինգ հանդիպում են անցկացրել, վերջինը՝ դեկտեմբերին Հորդանանի Մեռյալ ծովում՝ քննարկելու ռազմավարական նախագծերի իրականացումը: Դրանց թվում են Իրաքի եւ Եգիպտոսի միջեւ գազատարների կառուցումը Հորդանանով։





























