Մերիլենդի նախկին նահանգապետ Լարի Հոգանը կիրակի ասել է, որ չի ձգտելու 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել՝ փորձելով խուսափել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շանսերը ոչ միտումնավոր մեծացնելուց:
Հոգանը, ով ութ տարի եղել է Մերիլենդի նահանգապետը՝ մինչեւ այս հունվար, Հանրապետական կուսակցությունից է, որի անդամ է նաեւ Դոնալդ Թրամփը:
«Կրկին հաջողակ իշխող կուսակցություն լինելու համար մենք պետք է հեռանանք պարոն Թրամփից», - գրել է Հոգանը կիրակի օրը New York Times-ում հրապարակված հոդվածում․ «Խաղադրույքները չափազանց մեծ են, որպեսզի ես ռիսկի դիմեմ մեկ այլ շղթայական վթար առաջացնելով, որը կարող է օգնել պարոն Թրամփի առաջադրվելուն»:
Թրամփը 2024 թվականին առաջադրվելու մասին հայտարարել է նոյեմբերին։ Նա ունի մեկ մեծ մրցակից որպես հանրապետական թեկնածու՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, թեեւ ակտիվիստ ներդրող Վիվեկ Ռամասվամին նույնպես մասնակցում է մրցավազքին:
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, նախկին փոխնախագահ Մայք Փենսը եւ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն նրանց թվում են, ովքեր մտածում են Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում մարտահրավեր նետելու մասին:





























