«Պոլսահայ համայնքի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 19-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել Ստամբուլից ժամանած Մխիթարյան Սանուց միության «Դալար» երգի ու պարի համույթի 16-20-րդ դարերի (1590-2011 թթ.) Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքների հայկական ավանդական 85 տարազների տողանցք ցուցահանդեսը:

Խումբը Վանաձոր է այցելել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով:Գուգարաց թեմի մամուլի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ խումբը հիմնվել է 1997 թվականի հոկտեմբերին Ժուլիա Մութլունի նախաձեռնությամբ:

Նա հանդիսանում է ոչ միայն խմբի գեղարվեստական ղեկավարը, այլ նաեւ հեղինակն է ցուցադրվող տարազների:Իր գոյության կարճ ժամանակահատվածում խումբն արժանացել է բարձր գնահատականի քանի որ, համույթը հանդիսատեսին լավագույնս ներկայացնում է հայկական հին եւ ազգային տարազներն ու պարարվեստը: Այդ է թերեւս պատճառներից մեկը, որ 2006 թվականին «Դալարը» կազմել է նաեւ «Դալարիկ» խումբը, որի մասնակիցները մանուկներ են:Հանդիսավոր միջոցառմանը բացման խոսքով  հանդես է եկել տիկին Դիաննա Քամբարոզյանը:

Ցուցահանդես տողանցքին Պարգեւ Կարիանը հանդես է եկել ազգագրական հայրենաշունչ երգերով: Խումբն արժանացել է վանաձորցիների ջերմ ու անկեղծ ընդունելությանը, բուռն ծափողջույնների եւ առատ ծաղկեփնջերի:Ցանկացած ազգի գոյատեւման եւ հարատեւման կարեւորագույն հիմնաքարերից են համարվում արվեստը, բանահյուսությունը, ճարտարապետությունը, երգն ու երաժշտությունը, որի վառ ապացույցն է «Դալար» համույթի գործունեությունը: Երգչախմբի անդամները երկու օր իջեւանել են թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի հյուրընկալ հարկի ներքո, շրջել Վանաձոր քաղաքում եւ Ալավերդիում եւ ապա մեկնել ուխտագնացության Հաղպատ, Սանահին, Սեւանավանք եւ Սեւանալիճ: «Դալարի» Վանաձորում երկօրյա կեցության ծախսերը հոգացել էին Առաջնորդարանն ու ԱԺ պատգամավոր, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր հարգարժան պարոն Կարեն Սարիբեկյանը: Միջոցառմանը ներկա են եղել մարզի մշակութային հաստատությունների, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ եւ արվեստասեր հասարակություն: