Մոլդովայի խորհրդարանի խոսնակ, իշխող «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Իգոր Գրոսուն ասել է, ակնկալում է եվրոպական իշխանությունների օգնությանը՝ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հարցում։

«Մենք չունենք այնքան մեծ տարածք, որ մեզ անհրաժեշտ լինեն շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, դա մեզ թույլ կտա ավելի քիչ համակարգեր տեղադրել օդային տարածքը վերահսկելու համար։ Ես գիտեմ, որ նման օգնություն կլինի, եվրոպական իշխանությունները հայտնել են իրենց պատրաստակամությունը, խոսքը European Peace Facility ծրագրի մասին է, նրանք մեզ հետ վերլուծություն կանցկացնեն, կասեն, որ Մոլդովային պետք են այսինչ համակարգերը»,- ասել է Գրոսուն Մոլդովա ռադիոկայանի եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա հաստատել է, որ նման քննարկումներ արդեն ընթանում են։

Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը Մոլդովայի առաջնահերթություններից է, քանի որ խոսքը քաղաքացիական ավիացիայի եւ հանրապետության ենթակառուցվածքների պաշտպանության մասին է։