Երեւանում, այսօր` սեպտեմբերի 20-ին, Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության վերջում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր պարգեւների է արժանացրել մի շարք գործիչների:
Մասնավորապես «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի են արժանացել նոր մասնաշենքի ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Պատվո շքանշանով պարգեւատրվել է Սերգեյ Համբարձումյանը, ով շենքի կառուցման համար գումարներ հատկացրած առաջին բարերարն է: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» շքանշանով պարգեւատրվել են Ֆելիքս Փիրումյանը, Մակար Նահապետյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրը:
Արարողության վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ Արթուր Մեսչյանը շատ է անհանգստանում, սակայն իրենք անկախության 20-ամյակի արարողություններից հետո սկսելու են Մատենադարանի հին մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, նաեւ վերանորոգվելու է Մատենադարան տանող ճանապարհը: «Մովսես Խորենացի» շքանշանով պարգեւատրվել է բարերար Միհրան Մինասյանը, գիտաշխատող Ջուլիետա Էյնազյանը, գլխավոր ճարտարագետ Հունան Կոստանյանը, աշխղեկ Արմեն Հովհաննիսյանը պարգեւատրվել են «Անանիա Շիրակացի» մեդալով: Տոնական միջոցառումն ավարտվել է շարականների կատարմամբ:
Նշենք, որ Մատենադարանի նոր մասնաշենքը նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրային արխիվային փաստաթղթերի եւ գրադարանային ֆոնդի պահպանման եւ թվայնացման համար եւ հագեցած է նորագույն համակարգերով:
Սարքավորումները ձեռք են բերվել եվրոպական մի շարք երկրներից: Վերակառուցման նախագծային արժեքը կազմում է 3534,4 հազար դոլար: Ձեռագրական ֆոնդում ներկայումս պահվում է 18 հազար ձեռագիր:




























