Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը եզակի իրագործություն է, որովհետեւ այդ շենքի մեջ սոսկ ձեռագրեր չեն ափոփված. այնտեղ ամփոփված է մեր պապերի արյունն ու տառապանքը։ Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանն այս մասին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Որքան էլ խոսենք այս իրագործումի մասին, միեւնույն է, մեր խոսքը տկար կլինի։ Իրագործումն ինքն իր փոխարեն կխոսի։ Ահավասիկ, հավաքական այս իրագործումի հիմքում կանգնած է Հայաստանի նախագահը, բարերարներն ու ժողովուրդը։ Այս բարի գործը պիտի մնա, մնա մեր կյանքի մեջ։ Մաշտոցյան մատենադարանը եզակի իրականություն է եւ այդպիսին էլ կմնա՝ իր պատմությամբ ու առաքելությամբ։ Սա Մատենադարան չէ բառի նեղ հասկացողությամբ, սա սրբարան է, որում կա մեր պապերի շունչը, կյանքն ու հավատքը։ Սա մասունք է, սրբարան, ինչպես սրբարան է եկեղեցին։ Մատենադարանը առաքելության աղբյուր է»,- ամփոփեց Արամ Ա կաթողիկոսը։ Հիշեցնենք, որ Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը կայացավ այսօր՝ սեպտեմբերի 20-ին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։




























