Լիտվայում գերմանական բրիգադի մշտական տեղակայման որոշումը կկայացնի ՆԱՏՕ-ն, երեքշաբթի ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ի պատասխան երկրում ՆԱՏՕ-ի ներկայությունը ավելացնելու Վիլնյուսի կոչերի, փոխանցում է Reuters-ը։

«Դա կախված չէ նրանից, թե ով ինչ է ուզում կամ ով ինչ է ուզում տրամադրել, այլ կախված է ՆԱՏՕ-ից»,- Լիտվայում գերմանական զորավարժությունների ժամանակ լրագրողներին ասել է Պիստորիուսը։

2017 թվականից Գերմանիան ղեկավարում է Լիտվայում գտնվող մոտ 1500 զինծառայողներից բաղկացած միջազգային գումարտակը՝ Ռուսաստանին Բալթյան տարածաշրջանի վրա հարձակվելուց հետ պահելու ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում։ Այն համարվում է դաշինքի արեւելյան թեւի ամենաթույլ կետերից մեկը:

Բեռլինը նաեւ պատրաստ է պահում 3000-5000 զինծառայողների բրիգադը Գերմանիայում, որը, ըստ նրա, անհրաժեշտության դեպքում կարող է տեղակայվել Լիտվայում 10 օրվա ընթացքում:

Սակայն Լիտվան ցանկանում է, որ բրիգադը մշտական հիմունքներով տեղակայվի իր տարածքում, ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։

«Բալթյան երկրների պաշտպանական ռազմավարությունը չի կարող հիմնվել միայն ուժեղացման վրա։ Այն նաեւ պետք է ապավինի առկա հուսալի ուժերին եւ միջոցներին տեղում: Դա պահանջում է մեր աշխարհագրությունը»,- Պիստորիուսի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա։

Սակայն մտավախություն կա, որ ցանկացած մշտական տեղակայում թանկ կարժենա եւ կզրկի ՆԱՏՕ-ին իր արեւելյան թեւում այլ վայրեր զորքեր ազատ տեղափոխելու հնարավորությունից:

Պիստորիուսը նշել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պետք է ներկայացնի իր տարածաշրջանային պլանները՝ փաստաթղթեր, որոնք կուրվագծեն դաշինքի հարմարեցված պաշտպանական պլանավորումը՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու, եւ որոնք, ինչպես նախատեսվում է, կներկայացվեն առաջիկա շաբաթներին:

Այդ հարցը կքննարկվի հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, ասել է Պիստորիուսը։

«Եվ մենք կքննարկենք, թե ինչն ավելի շատ իմաստ ունի ռազմական տեսանկյունից՝ Լիտվայում մշտական բրիգադ ունենալը... թե արդյոք ռազմական առումով ավելի խոհեմ է պահպանել ճկունությունը»,- հավելել է նա: