«Հյուսիսային հոսքեր»-ում դիվերսիայի հետաքննության հեղինակ, ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին ասել է, որ հաջորդ շաբաթ նոր հետաքննություն կհրապարակի «Հյուսիսային հոսքեր»-ի վերաբերյալ, գրում է «Իզվեստիան»։
Պատասխանելով այս մասին հարցին՝ Հերշը նշել է, որ NYT-ի նյութի մասին «Իզվեստիա»-ի լրագրողներից է տեղեկացել։ Մեղքը Կիեւի վրա գցելու ամերիկացիների փորձը Հերշին նախ զարմացրել է, ապա ծիծաղեցրել։
The New York Times-ը երեքշաբթի, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ հետախուզական նոր տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ «Հյուսիսային հոսքեր»-ում ահաբեկչություններն ուկրաինամետ խմբավորումն է իրականացրել: Հոդվածում նշվում է, որ ամերիկացի անանուն պաշտոնյաները, հրաժարվելով բացահայտել իրենց ուսումնասիրած տեղեկությունների բնույթը, ասել են, որ գործողությունը կարող էր «իրականացնել ոչ պաշտոնապես մարիոնետային ուժը, որը կապեր է ունեցել Ուկրաինայի կառավարության կամ նրա անվտանգության ծառայությունների հետ»:
Ավելի վաղ՝ մարտի 5-ին, The American Spectator-ը հայտնել էր, որ խողովակաշարերի պայթյուններին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Հերշի հետաքննության թեման Վաշինգտոնում չի քննարկվել, քանի որ չեն ցանկանում իմանալ ճշմարտությունը։ Պարբերականը գրել է, որ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ «Հյուսիսային հոսք 2»-ը դիտարկում են որպես Մոսկվայի համար եկամտի լուրջ պոտենցիալ աղբյուր եւ, որպես հետեւանք, «բաց խոռոչ» տնտեսական հակառուսական պատժամիջոցներում, որոնք Արեւմուտքը կարող է սահմանել Ուկրաինայի հակամարտության պատճառով:
Ըստ նյութի հեղինակների, չնայած Հերշի հետաքննությունը հիմնված է անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ռուսական գազատարի աշխատանքը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստումների ֆոնին դա իրատեսական է թվում։
Փետրվարի 8-ին Հերշը հրապարակել է ռուսական գազատարների վրա դիվերսիաների վերաբերյալ հետաքննություն։ Դրանում ասվում է, որ ամերիկացի սուզորդները ռումբեր են տեղադրել անցյալ հունիսին Բալթիկ ծովում Baltops զորավարժությունների ժամանակ, եւ նորվեգացիներն ակտիվացրել են պայթուցիկները։ Վաշինգտոնի շարժառիթը, ըստ լրագրողի, եղել է այն, որ Գերմանիային ստիպի ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Այդ ամսին մի փոքր ավելի ուշ Հերշը հայտարարել է, որ Բայդենը գազատարները պայթեցնելու որոշումը կայացրել է զուտ քաղաքական նկատառումներով։ Նրա կարծիքով՝ նպատակը եղել է այն, որ ցրտերի սկսվելու ժամանակ Գերմանիան եւ Արեւմտյան Եվրոպան չկարողանան բացել գազատարը։
«Հյուսիսային հոսք»-ում եւ «Հյուսիսային հոսք 2»-ում արտահոսքերը հայտնաբերվել են 2022 թվականի սեպտեմբերին: Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը հայտնել է, որ արտակարգ իրավիճակի պահին երկու հզոր ստորջրյա պայթյուն է գրանցվել խողովակաշարերի արտահոսքի տարածքում։ Վթարի վայրում պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել։ Ռուսաստանի Դաշնությունը տեղի ունեցածը որակել է որպես պետական ահաբեկչություն։





























