Մաչուլիշչիի օդանավակայանում A-50 ինքնաթիռի դիվերսիայի փորձին մասնակցած ուկրաինացի ահաբեկչի եւ նրա հանցակիցների ձերբակալության մասին պատմությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին իր եզրակացություններն է արել՝ նրան անվանելով «ոչնչություն»:

Լուկաշենկոյին մեջբերել է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։

«Եզրակացությունը մեկն է։ Ես դեռ մի ժամանակ մտածում էի, որ Ուկրաինային խաղաղություն է պետք, որ Զելենսկին մտածում է իր ժողովրդի մասին։ Նախագահ Զելենսկին պարզապես ոչնչություն է։ Պարզապես ոչնչություն։ Նման գործողությունները չեն իրականացվում առանց երկրի ղեկավարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնության։ Ես սա ասում եմ ձեզ որպես նախագահ...

Ոջիլ է, քանի որ վազում է Բելառուսի շուրջը, մարդկանց է ուղարկում մեզ մոտ ու խնդրում, ինչպես արդեն ասել եմ. «Եկեք չհարձակման պայմանագիր կնքենք, եկեք պայմանավորվենք, որ մենք ձեզ հետ ոչ մի խնդիր չունենք»։ Ինչին ես ասել եմ. «Մենք չենք պատրաստվում հարձակվել»։ - «Ոչ, եկեք Միավորված ազգերի կազմակերպության հովանավորությամբ պայմանագիր կնքենք, որ դուք չեք հարձակվի մեզ վրա»: Դուք լսել եք իմ բոլոր այս հայտարարությունները։ Եվ այդ պահին... Դե, մարտահրավերը նետված է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Բելառուսը մտադիր չէ թույլ տալ իրեն ներքաշել պատերազմի մեջ։

«Եթե նրանք ակնկալում են (ես գիտեմ, որ նրանք ուզում են մեզ պատերազմի մեջ ներքաշել ամերիկացիների հրամանով)... Եթե կարծում եք, որ այս մարտահրավերը նետելով, վաղը մեզ կներքաշեք պատերազմի մեջ, որն արդեն ընթանում է ամբողջ Եվրոպայում, դուք մոլորության մեջ եք»,- ասել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն չի մոռացել հիշատակել նաեւ երկիրը լքած Բելառուսի քաղաքացիներին։

«Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել հատկապես տեղի սրիկաներին ու նրանց, ովքեր փախել են՝ նրանք բոլորը պարզված են, մենք նրանց կգտնենք այնտեղ, արտասահմանում։ Իսկ կարճ կրկնեմ՝ պատրաստվեք, մենք արդեն եկել ենք ձեզ մոտ։ Եվ մի ոռնացեք: Եվ գրառումներ մի արեք այդ մեսենջերներում: Մեր նյարդերը ամուր են, մենք գիտենք, թե ինչ է պետք անել»,- ասել է Բելառուսի նախագահը։