Տեխասի դատարանը հետաձգել է հաջորդ ամիս նախատեսված մահապատիժը։ Փաստաբանների խոսքով՝ դատապարտյալը ծանր հոգեկան խանգարման պատճառով հանել է իր երկու աչքերը, հաղորդում է The Associated Press-ը։

Անդրե Թոմասը մահապատժի Է դատապարտվել ապրիլի 5-ին՝ իր 20-ամյա կնոջ՝ Լորա Քրիսթին Բորենի եւ մեկ եւ չորս տարեկան երկու երեխաների դաժան սպանության համար։ 

Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են:

Նրա փաստաբանները հայտարարել են, որ երկրորդ աչքը հանելուց հետո նա կերել է այն, «որպեսզի կառավարությունը չկարողանա գաղտնալսել նրա մտքերը»։

Բորենի եւ նրա երեխաների սպանությունը ցնցել է մոտ 45,000 բնակչություն ունեցող Շերման քաղաքը, որը գտնվում է Դալլասից 65 մղոն դեպի հյուսիս:

Երեքշաբթի նահանգի շրջանային դատավոր Ջիմ Ֆալոնը հրաման է արձակել մահապատժի օրը չեղյալ հայտարարելու մասին։

Գերագույն դատարանն արգելել է մահապատիժը մտավոր հետամնաց անձանց համար, բայց ոչ լուրջ հոգեկան հիվանդություններ ունեցողների համար։