Երեւանը պատրաստ է հավուր պատշաճի դիմավորել «Էրեբունի-Երեւան» տոնը, որի միջոցառումները մեկնարկելու են վաղ առավոտից  եւ շարունակվելու են մինչեւ կեսգիշեր: Այս մասին նշվել է այսօր` սեպտեմբերի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախապատրաստվել աշնանային ծառատունկին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 40 հազար ծառ եւ թուփ, այդ թվում մշտադալարներ, ինչպես նաեւ ամբողջությամբ կանաչապատել եւ ոռոգման ցանցով ապահովել Սարալանջի ճանապարհի թեք հատվածները, Եռաբլրի տարածքներն ու Արգավանդի ուղետար կամրջի աջ եւ ձախ հատվածները:

Քաղաքապետն առաջարկել է, որ քաղաքի կենտրոնական փողոցների ծառերն ու թփերը, ըստ անհրաժեշտության, ապահովվեն լուսային ձեւավորմամբ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավարտին է մոտենում մայրաքաղաքի  3 վերգետնյա անցումների շինարարությունը եւ առաջարկություն է ներկայացվել  2012-ին եւս 12  վերգետնյա անցումներ կառուցելու վերաբերյալ: 

Երեւանի գլխավոր դիզայների կողմից զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնում բարեկարգվել եւ նկարազարդվել  է  15 կամարակապ մուտք:

Բացի այդ, նշվել է, որ մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները Ավան-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները կապող` Աղբյուր Սերոբի փողոցի ճանապարհահատվածում եւ Հալաբյան-Աբելյան փողոցներում: Ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի բարեկարգման աշխատանքները: Հիմնանորոգվել եւ ավարտական տեսքի են բերվել Էրեբունի, Խաչիկ Դաշտենց եւ Խաղաղ Դոնի փողոցները: