Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 20-ին, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Լեւոն Ֆիլյանին եւ նրա հետ քննարկել ընկերակցության կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությանը Արցախում իրականացվող նախագծերի համար` նշելով, որ այդ աշխատանքները պահանջված են մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում:
Նույն օրը ԼՂՀ նախագահն ընդունել է նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շրջանակ:
Նա նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում իր ուրույն ավանդն ունի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով այս բոլոր տարիների ընթացքում եղել է մեր ժողովրդի կողքին եւ ըստ ամենայնի աջակցել նրան:
Հանդիպումներին մասնակցել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:




























