Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքի արժեհամակարգի վրա հիմնված պետականաշինության ուղին, եւ այդ առումով սերտ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ մեծ նշանակություն ունի Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը կրել է շատ ավելի հաստատուն բնույթ: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Եվրամիությունը ոչ միայն կարեւոր գործընկեր է արտաքին քաղաքականության եւ առեւտրատնտեսական բնագավառներում, այլ նաեւ՝ ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղված համագործակցության շրջանակներում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանը հաստատակամ է բարեփոխումների ճանապարհը շարունակել ԵՄ-ի աջակցությամբ, փորձի կիրառմամբ եւ խորհուրդներով:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը, համագործակցության խթանմանն ու բարեկեցությանը:

Լիբոր Ռուչեկը շնորհավորել է Նախագահին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ եւ նշել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի առաջընթացը նկատելի է: Նա հավելել է, որ այդ գործընթացը տեւական է, եւ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, ունենալ զարգացած ժողովրդավարություն եւ բարեկեցություն: Նա կարեւորել է իրականացվող բարեփոխումներն ու վստահեցրել, որ եվրաինտեգրման ճանապարահին Հայաստանն այսուհետ էլ կստանա անհրաժեշտ աջակցություն: