Տաջիկստանի Խաթլոնի շրջանի ազգային անվտանգության պետական կոմիտեի դեպարտամենտի աշխատակիցները սահմանապահ զորքերի զինծառայողների հետ միասին կանխել են Աֆղանստանից Տաջիկստան թմրանյութի խոշոր խմբաքանակ տեղափոխելու փորձը, հաղորդում է տաջիկական Avesta գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնին։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 21-ին տաջիկա-աֆղանական սահմանի Ֆարխորի ուղղությամբ։
Աֆղանստանի քաղաքացիներ հանդիսացող հինգ հոգուց բաղկացած տրանսազգային հանցավոր խումբը՝ Գիյոս Վալադի Կուրբոնի ղեկավարությամբ, փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ տեղափոխել Տաջիկստան։
Հանցագործները չեն ենթարկվել տաջիկ օպերատորների ու սահմանապահների պահանջներին ու կրակ են բացել նրանց վրա։ Պատասխան կրակի հետևանքով հանցավոր խմբի երկու անդամներ սպանվել են, եւս երեք մաքսանենգների հաջողվել է փախչել Աֆղանստանի հարակից տարածք։
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են երկու աֆղանստանցի մաքսանենգների՝ Խոլբոզոր Վալադի Նեքմահմադի եւ Մուսո Վալադի Մումանի դիերը։ Սպանվածների մոտավոր տարիքը 45 եւ 30 տարեկան է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ որսորդական հրացան՝ 8 փամփուշտով, F-1 ձեռքի նռնակ եւ 70 կգ հաշիշ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ասվում է հաղորդագրության մեջ։





























