Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող թիվ 26 մանկապարտեզի շենքը ու տարածքը վտանգված է: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած, այդ մանկապարտեզի երեխաների ծնողներից Արթուր Ղազարյանը պատմեց, որ այդ շենքի տարածքի մեծ մասում նախատեսվում է կառուցել էլիտար շենք, իսկ մանկապարտեզի 3-րդ կարգի վթարայնության շենքը կամ պետք է քանդվի եւ կառուցվի նորը, կամ պետք է վերանորոգվի: Նրա փոխանցմամբ` 97 ծնողներ դիմել էին Երեւանի քաղաքապետարան, որպեսզի վերանորոգվի մանկապարտեզը: Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը պատասխանել էր, որ մանկապարտեզը վթարային վիճակում է եւ պետք է այն քանդվի, իսկ երեխաները հին շենքից պետք է տեղափոխվեն միայն նոր մանկապարտեզի շենքը կառուցելուց հետո:
Իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը մանկապարտեզ հաճախող 100 երեխաների ծնողներին հրավիրել էր թաղապետարան եւ ներկայացրել ծրագիր, համաձայն որի` մանկապարտեզի ներկայիս տարածքի մի մասը պետք է օտարվի, իսկ մնացած հատվածում պետք է ավելի փոքր շենքային պայմաններում մանկապարտեզ կառուցվի: Ըստ բիզնես ծրագրի` մանկապարտեզին այսօրվա շենքային 1800 քմ-ից եւ բակային 2500 քմ-ից հատկացվելու է միայն 600 քմ բակ եւ նույնքան քմ շենք, այսինքն` շենքը կփոքրանա 3 անգամ, իսկ բակը` 4 անգամ:
Արթուր Ղազարյանի խոսքով` մանկապարտեզի տարածքի մեծ մասը օտարում են` 7-9 հարկանի էլիտար շենք կառուցելու նպատակով, մինչդեռ Էդուարդ Մուշեղյանն էլ ծնողների հետ կայացած ժողովին ասել էր, որ Արաբկիր վարչական շրջանում մանկապարտեզ հաճախելու համար 400 հերթագրված երեխա կա, սակայն մանկապարտեզ չկա:
Արթուր Ղազարյանը նշեց, որ այդտեղ շենքն էլ կա, տարածքն էլ եւ կարող են այն մեծացնել ու մանկապարտեզ դարձնել.«Մանկապարտեզը փոքրացնելը չի բխում պետական շահից եւ ծնողների շահից»,- նշեց Արթուր Ղազարյանը:
Ի դեպ, այսօր այդ մանկապարտեզ է հաճախում 100 երեխա եւ նույնքան երեխայի համար էլ նախատեսված է, ինչի վերաբերյալ էլ կա Առողջապահության նախարարի հրամանը:
2011 թ Սեյսմիկ ծառայությունընուսումնասիրել է մանկապարտեզի շենքը եւ այն համարվել է 3-րդ կարգի վթարային: Սեյսմիկի եզրակացության մեջ առաջարկում են կամ ամրացման աշխատանքներ կատարել եւ կապիտալ նորոգել, կամ նոր շենք կառուցել: Նշենք, որ ծնողները այս խնդրի մասին նաեւ բարձրաձայնել են Facebook սոցիալական ցանցում, մասնավորապես` քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում գրառումներ են թողել:
NEWS.am-ն այս խնդրի առնչությամբ դիմեց քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, որ այդ հարցին կանդրադառնան տոներից հետո, քանի որ այժմ զբաղված են Հայաստանի անկախության 20-ամյակի նվիրված պատրաստություններով: Իսկ Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անահիտ Համբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզի տարածքի օտարման եւ շենքը քանդելու հետ կապված որեւէ հանձնարարություն չի ստացել եւ առայժմ 26 մանկապարտեզի հետագա ճակատագրի հետ կապված որեւէ նորություն չկա. «Եթե մանկապարտեզի շենքը քանդվեց, ապա, երեխաներին անպայման կտեղավորեն մոտակա մանկապարտեզներում»,- ասաց Անահիտ Համբարձումյանը:




























