Իսլամիստ զինյալները կիրակի վաղ առավոտյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելյան գյուղերից մեկի վրա հարձակման ժամանակ սպանել են առնվազն 19 մարդու եւ այրել բժշկական հաստատությունը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերը ժամը 1-ի սահմաններում՝ Հյուսիսային Կիվու նահանգի Կիրինդերա գյուղում՝ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ մեկ այլ գյուղից, որտեղ անցած շաբաթվա հարձակման ժամանակ առնվազն 35 մարդ է զոհվել:
Բանակը անցած շաբաթ տեղի ունեցած հարձակման համար մեղադրել է ուգանդական զինված «Դաշնակից դեմոկրատական ուժեր» (ADF)՝ խմբավորմանը, որը տեղակայված է արեւելյան Կոնգոյում, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը» եւ հաճախակի հարձակումներ է իրականացրել գյուղերի վրա:
Կոնգոյի կառավարությունը 2021 թվականին պաշարման դրություն է հայտարարել Հյուսիսային Կիվուում եւ հարեւան Իտուրի նահանգում՝ փորձելով դադարեցնել զինված ուժերի բռնությունը հանքանյութերով հարուստ երկրի արեւելքում, սակայն դա չկրճատեց սպանությունների թիվը:





























