Կանադայի կենտրոնական բանկն ուժեղացնում է տեղի բանկերի ֆինանսական վերահսկողությունը՝ ամերիկյան Silicon Valley Bank-ի սնանկացման ֆոնին, տեղեկացրել է Globe and Mail թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Մինչ այդ երկրի ֆինանսական կազմակերպությունների վերահսկման կառավարչի գրասենյակը (OSFI) հայտարարել էր, որ Կանադայի իշխանություններն ամերիկյան Silicon Valley Bank (SVB) սնանկացած բանկի տեղի դուստր մասնաճյուղի ժամանակավոր վերահսկողություն են մտցրել։

«OSFI-ն բանկերին տեղեկացրել է, որ երեքշաբթի օրվանից մինչեւ հետագա ծանուցում նրանք պարտավոր են լինելու ամեն օր կենտրոնական բանկ ուղարկել լիկվիդայնության հաշվետվություններ»,- նշվել է պարբերականի հրապարակման մեջ։ Աղբյուրների համաձայն՝ ուժեղացված վերահսկողությունը չի նշանակում, որ հատվածի համար որեւէ կենսական խնդիր կա։

Պարբերականի համաձայն՝ Կանադայի փոխվարչապետ Խրիստյա Ֆրիլանդն արդեն հանդիպումներ է ունեցել ֆինանսական ինստիտուտների եւ Կանադայի բանկի ներկայացուցիչների, ինչպես նաեւ OSFI-ի ղեկավարի հետ։

Մինչ այդ, ինչպես տեղեկացրել էր ԱՄՆ Ապահովագրական ավանդների դաշնային կորպորացիան (FDIC), Կալիֆոռնիայի նահանգի կենտրոնական բանկերը փակել էին SVB-ն, որն ԱՄՆ-ում սնանկացած ամենամեծ բանկն է վերջին ֆինանսական ճգնաժամից հետո։ Բոլոր ապահովագրված դեպոզիտները SVB-ից փոխանցվել են առանձին ստեղծված կառույց՝ Deposit Insurance National Bank of Santa Clara։ SVB-ի սնանկացումը կապված է ԴՊՀ-ի տոկոսադրույքի աճի հետ, որը հանգեցրել է ակտիվների արժեզրկման ֆինանսական շատ ինստիտուտների հաշվեկշիռներում։ FDIC-ի տվյալների համաձայն՝ բանկերի ընդհանուր կորուստները 2022թ. կազմել են 620 մլրդ դոլար։