Ադրբեջանական ՀԿ-ն իշխանություններին հաճոյանալու անզուսպ ձգտմամբ հանրային քննարկումներ է կազմակերպել «Կորսիկայի հարցը եւ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը» թեմայով։
Ինչ խոսք, Կորսիկայի իրավիճակը ադրբեջանական հանրությանը առավել հուզող հարցն է։
Ելույթ ունենալով ադրբեջանական հասարակության համար չափազանց կարեւոր այս քննարկմանը՝ պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզին բառացիորեն խարանել է «ֆրանսիացի գաղութարարներին», ափսոսանք է հայտնել, որ «Ֆրանսիան բառի ողջ իմաստով կրոնական գաղութային քաղաքականության կենտրոնի տպավորություն է թողնում»։ «Ֆրանսիայի կողմից ազգային փոքրամասնությունների հիմնարար սկզբունքների խախտումը եւ այդ ուղղությամբ հանցագործությունների կատարումը լայն տարածում է ստացել։ Կարծում եմ, որ Կորսիկայի հարցն այս ուղղությամբ ահազանգ է»,-ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ այս ամենի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում մտացածին կազմավորման «իրավունքները»»։ «Ֆրանսիան միջամտում է գրեթե բոլոր երկրների ներքին գործերին։ Նույն կերպ նա աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղում հայկական անջատողականությանը»։
Վառ արտահայտված հակաֆրանսիական բնույթի քննարկումների, հայտարարությունների եւ հոդվածների շարքը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հարցում Փարիզի դիրքորոշմամբ։ Նման հանրային քննարկումներից հետո Ֆրանսիայում լիովին հասկացել են, թե ինչպես են Ադրբեջանում կեղծում ինչպես իրենց, այնպես էլ ուրիշի պատմությունը։
Նշենք, որ հաղորդագրության բնօրինակում «իրավունքներ» բառը նույնպես չակերտների մեջ է, ինչը ցույց է տալիս, թե Բաքվում ինչ կարծիք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների իրավունքների վերաբերյալ:




























