Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ երեկ կայացել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողներին Հայաստանի նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ:

Միջոցառումը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Այնուհետև օրհնության խոսք ասաց ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Արարատ Գրիգորյանը:

-Անհնար է բառերով նկարագրել մեր հերոսների անհավանական սխրանքները: Նրանք խիզախորեն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Մեր հերոսների հիշատակին արժանի լինելու համար ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը՝ իրենց կյանքի գնով մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության և ամենօրյա գործունեությամբ շենացնել մեր երկիրը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքը,- նշեց Արարատ Գրիգորյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը և Վայքի բրիգադի տեղակալ, փոխգնդապետ Արման Ալոյանը:

Հերոսների ոգեկոչման ռազմահայրենասիրական կատարումներով հանդես եկան Վայքի հիմնական դպրոցի սաները:

Պարգևները զոհված զինծառայողների հարազատներին հանձնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը և ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

Միջոցառման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին խոնարհումի խոսքեր ասաց զոհվածների հարազատներին և վերստին կարևորեց հայրենիքը շենացնելու և երկրի սահմանների խաղաղությունն ապահովելու գործընթացները:

-Փառք ու պատիվ մեր հերոսներին, առողջություն ու խաղաղ օրեր նրանց հարազատների և ողջ երկրին,- միջոցառումը մաղթանքով ամփոփեց Արարատ Գրիգորյանը:

Ներկայացնում ենք հետմահու պարգևատրված վայոցձորցի հերոսների անունները.

Նահապետ Նվերի Մարգարյան- փոխգնդապետ, պարգևատրվել է <Մարտական խաչ> երկրորդ աստիճանի շքանշանով,

Հովհաննես Փայլակի Սուքիասյան-սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Խաչիկ Էդվարդի Մինասյան-ենթասպա, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Գրիգոր Վրույրի Ղարախանյան- սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Զորիկ Կոյրունի Մարգարյան- կրտսեր սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Սամվել Սենիկի Բաբայան- պայմանագրային զինծառայող, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Ռաֆիկ Էդիկի Ավագյան-ծառայող բանվոր, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Նարեկ Մխիթարի Հակոբյան- սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հավերժ փառք մեր հերոսներին: