Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված մի շարք հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ միջոցառումների շարքն սկսվել է Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված են եղել ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի եւ Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները:
Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլեւ միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:Հայաստանի դեսպանը հրապարակել է Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգեւատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվել է համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների եւ համույթների կատարմամբ հնչել են ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական եւ ժողովրդական երգեր:




























