Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` սեպտեմբերի 22-ին, մեկնել է Վաշինգտոն: Այստեղ նա կմասնակցի Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վ. Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի կառավարիչը եւ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի կառավարիչն է:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԱՄՀ-ի (IMF), ՀԲ-ի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:  Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկումներ տեղի կունենան առեւտրի եւ ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Նշենք, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է  1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ իրավապայմա¬նագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային եւ այլ բնագավառներում:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը եւ այլ պաշտոնատար անձինք: