Հայաստանի կառավարության այսօրվա` սեպտեմբերի 22-ի որոշմամբ «Թամարա ֆրուտ» ընկերությունը պետական բյուջե կվերադարձնի 56 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2009 թ. Հայաստանի կառավարությունը ռուսական վարկի միջոցներից 300 մլն դրամի դրամաշնորհ էր հատկացրել այդ ընկերությանը` օրգանիկ այգիներ ստեղծելու նպատակով:Կառավարության այսօրվա որոշման համաձայն` «Թամարա ֆրուտը» տնկիների ներմուծման եւ տնկարանի ստեղծման համար ձեռք է բերել նախատեսվածից ավելի 74 հազ. տնկանյութ, ինչի շնորհիվ էլ խնայվել է այդ 56 մլն դրամը:

Այդպիսով` կառավարությունը որոշեց, որ օժանդակության գումարը պետք է կազմի ոչ թե 300 մլն դրամ, այլ 244 մլն դրամ (56 մլն-ով պակաս):Նշենք սակայն, որ ՀՀ Վերահսկիչ պալատը իր 2010 թ. տարեկան հաշվետվությունում մի շարք խախտումներ էր արձանագրել «Թամարա ֆրուտի» կողմից պետական միջոցներն օգտագործելու գործընթացում: Մասնավորապես` նշվել էր, որ «Թամարա ֆրուտ»-ի ծրագիրը իրատեսական չէ ոչ ժամկետի, ոչ էլ արժեքի առումով: Այսինքն` տնկիների եւ այլ նյութերի գինը շուկայականից բարձր նշելու պատճառով «Թամարա ֆրուտը» 77.5 մլն դրամ ավելի է վերցրել պետական բյուջեից, քան իրեն անհրաժեշտ է:

Ավելին` գյուղատնտեսության նախարարությունը, առանց պատշաճ վերահսկողություն իրականացնելու եւ առանց անհրաժեշտության, «Թամարա ֆրուտին» անմիջապես փոխանցել էր այդ 300 մլն դրամը:Այսպիսով` Հայաստանի կառավարությունը մասամբ հետ վերադարձրեց «Թամարա ֆրուտին» տրված շռայլ նվերները, սակայն դա ներկայացրեց որպես «խնայված միջոցների վերադարձ», այնինչ Վերահսկիչ պալատը նշում է սխալ հաշվարկների մասին: