Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ընթացքում մեկ դեպք է եղել, երբ խորհրդարանն ընտրվել է արդար ընտրությունների արդյունքում` 1990թ. մայիսին Գերագույն Խորհրդի ընտրությունները, ԽՍՀՄ ընտրական օրենսգրքով, եւ մեծամասնական ընտրակարգով:  Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ NDI-ի նախաձեռնած քննարկմանը:

Ըստ Հակոբյանի` ընտրական ցանկացած մոդել չի կարող կենսունակ լինել, եթե չկա իշխանության քաղաքական կամքը:Այդուհանդերձ, նա կարծում է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է համամասնական ընտրակարգը: «Մեր յուրահատկությունը պահանջում է, որ վերացվեն չարիք ծնող օղակները: Վերջին երկու գումարումներում 82 պատգամավորներ են  ընտրվել, մեծ մասը հանրապետական կուսակցությունից: Դուրս գանք շահարկումների դաշտից, չասենք, թե ինտելեկտուալ ներուժ են բերում: Մեծամասնական ընտրատարածքներն այն տեղն է, որտեղ խախտումներ են կատարվում: Այս պահին մեր պետության, մեր երեխաների համար համամասնականն օդի-ջրի նման անհրաժեշտ է: Եթե մենք չգիտակցենք, որ այսօր արդար, ժողովրդի ձայնը հաշվի առնող ընտրություններ է պետք անցկացնել, մենք նոր փոս կփորենք ժողովրդի համար»,- նշել է Հակոբյանը: 

ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր խոսքում նշեց, որ եվրոպացի գործընկերները հաճախ զարմանում են, թե ինչու են իրենք կարեւորում համամասնական ընտրակարգը: «Որովհետեւ Հայաստանում չկա ժողովրդավարություն: Այսօր մեզ մոտ ընտրությունների նկատմամբ հավատը մեռած է հենց այդ պատճառով: Ընտրությունները վերարտադրման համակարգի մաս է»,- նշեց Ռուստամյանը: 

Վերջինս նաեւ հարց է տալիս, թե «մեծամասնական ընտրակարգով քանի պատգամավոր է ընտրվել, որ ընդդիմության ներկայացուցիչ է: Ընտրվողները կամ իշխանական կուսակցության ներկայացուցիչներ են, կամ էլ ընտրվելուց հետո աջակցել են, համագործակցել իշխանությունների հետ: Պարզ է, որ սա իշխանությունների վերարտադրության լավագույն հիմքն է, եւ պարզ է, որ իշխանությունները երբեք չեն հրաժարվի սրանից»,- նկատեց Ռուստամյանը եւ հավելեց, որ մեծամասնականը ձեռնտու է իշխանություններին նաեւ այն իմաստով, որ պատգամավորը, հանցավոր համաձայնության գալով ընտրողի հետ եւ կաշառելով նրան, երկու ձայն է բերում թե իրեն, թե իշխող կուսակցության համար: