Գերմանիայի երկաթուղու եւ տրանսպորտի աշխատողների EVG արհմիությունը Verdi արհմիության հետ միասին հինգշաբթի՝ մարտի 23-ին, հայտարարել է զանգվածային նախազգուշական գործադուլ անցկացնելու մասին։ Սպասվում է, որ ամբողջ Գերմանիայում գործադուլը կսկսվի մարտի 27-ին՝ տեղական ժամանակով կեսգիշերին եւ կշարունակվի 24 ժամ, հաղորդում է DW-ն։

Գործադուլը կվերաբերի գերմանական բոլոր օդանավակայաններին, բացառությամբ Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանի։ Գործադուլը չի շրջանցի նավագնացության ոլորտը եւ արագընթաց մայրուղիների ու թունելների պետական օպերատորին։ Բացի այդ, մի շարք դաշնային նահանգներում սպասվում են հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ։

Գերմանիայի երկու խոշորագույն օդանավակայանները՝ Մայնի Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում, արդեն հայտարարել են, որ մարտի 26-ին եւ 27-ին այդ տրանսպորտային հանգույցներում կանոնավոր ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ չեն իրականացվի։

Հեռահար գնացքների երթեւեկությունը մարտի 27-ին ամբողջությամբ կդադարեցվի, զգուշացրել է  Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը: Տարածաշրջանային հաղորդակցության գնացքները հիմնական գծի վրա չեն լինի, հավելել է ընկերությունը։

EVG - ն կոչ է արել երկաթուղային ոլորտի 230 հազար աշխատակիցների միանալ գործադուլին, Verdi-ն նմանատիպ կոչով դիմել է պրոֆիլային ոլորտներում 120 հազար աշխատակիցների:

Իր հերթին, Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգը արհմիություններին զսպվածության կոչ է արել։ «Ես կարող եմ միայն կոչ անել կոլեկտիվ բանակցությունների բոլոր գործընկերներին գիտակցել իրենց պատասխանատվությունը եւ նվազագույնի հասցնել ազդեցությունը բնակչության վրա»,-ասել է նա։

Արհմիություններն իրենց որոշումը հիմնավորել են աշխատավարձի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությամբ։ Verdi-ն, որը ներկայացնում է շուրջ 2,5 մլն պետական աշխատողների շահերը, պահանջում է բարձրացնել աշխատավարձերը 10,5 տոկոսով կամ ամսական նվազագույնը 500 եվրոյով: EVG-ն էլ պնդում է, որ ամսական աշխատավարձերը 12 տոկոսով կամ նվազագույնը 650 եվրոյով բարձրանան։ Deutsche Bahn-ի կամ բյուջետային ոլորտի գործատուների հակընդդեմ առաջարկները համադրելի են եւ ներառում են երկփուլ աշխատավարձի բարձրացում 5 տոկոսով եւ միանվագ վճարումներ մինչեւ 2500 եվրոյի չափով: