Վրաստանի ամբողջ տարածքում ներկայումս գործում է հայկական 137 դպրոց, ընդ որում, մայրաքաղաք Թբիլիսիում՝ ընդամենը մեկը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը։
Նրա խոսքով, Թբիլիսիում, բացի հայկական մեկ դպրոցից, գործում են նաեւ վրացական եւ ռուսական երեք դպրոցներում առկա հայկական երեք բաժիններ։ Ընդ որում, մայրաքաղաքի հայկական կրթօջախներում ուսանում է շուրջ 300-400 աշակերտ։
Ինչ վերաբերում է Վրաստանի հայ աշակերտության ընդհանուր թվին, ապա այն մոտ է 40 հազարի։ «Վրաստանի ԿԳՆ-ն, առհասարակ, թվային տվյալներ չի տալիս, քանի որ ամենափակ նախարարությունն է»,- նկատեց Ստեփանյանը։
Նա նաեւ նշեց, որ Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը հետաքրքիր մարտավարություն է իրականացնում. հայկական դպրոցներ, որպես այդպիսին, ակտիվորեն չեն փակվում, այլ գործընթացն իրականացվում է աստիճանաբար։ «Հայկական դպրոցներ միանգամից փակելը մի քիչ դժվար է։ Դրա համար նախ ռուսերեն կամ այլ լեզուներով բաժիններ են մտցվում։ Սա նախարարի քաղաքական քայլերից է, ուրիշ տրամաբանական պատճառ հնարավոր չէ գտնել։ Հարցն այն է, որ նախարարը ոչ պրոֆեսիոնալ է։ Նա լրիվ խառնում է, հասկացողություն չունի, թե դպրոցն ինչ է»,- նկատեց Առնոլդ Ստեփանյանը։
Հարցին, թե էական ի՞նչ խնդիրներ ունեն վիրահայոց կրթօջախները, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահն ասաց. «Ամենամեծ խնդիրը նախ ԿԳ նախարարն է՝ ընդ որում ոչ միայն հայկական, այլեւ մնացած դպրոցների համար եւս։ Պատճառն այն է, որ նա պրոֆեսիոնալ չէ եւ վատ է հասկանում այդ գործից։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա հայ երեխաները հայկական դպրոցներ հաճախելու ազդակ չունեն։ Երկրորդ, որակավորված ուսուցիչներ չկան։ Բացի այդ, շատ թանկ են դասագրքերը։ Այստեղ ոչ բոլորը հնարավորություն ունեն գնել դրանք»,- ասաց Ստեփանյանը՝ նկատելով, որ հայ աշակերտների համար նախատեսված դասագրքերում շատ են սխալները։
Նրա տեղեկություններով, նոր թարգմանություններով դասագրքերը կներդրվեն հավանաբար հաջորդ տարի։ «Դա լավ բիզնես է, ամեն տարի գրքերը փոխվում են»,- նկատեց Ստեփանյանը։




























