«Կինոաշուն-2011»-ի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երեւանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական մի քանի հարյուր ֆիլմեր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Նրա խոսքով` «Կինոաշուն-2011»-ն այս տարի ավելի է ընդլայնվել` ներառելով մարզերը, մինչդեռ նախորդ տարի 4 մարզ էր ընդգրկված: «Կինոաշուն-2011»-ի բացումը տեղի կունենա Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` սեպտեմբերի 24-ին, իսկ փակումը` Երեւանում հոկտեմբերի 28-ին: Նրա խոսքով` այսուհետ ամեն տարի ծրագիրը կմեկնարկի մարզերում եւ կեզրափակվի Երեւանում:
Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ հիմնականում ընտրվել են անկախության շրջանում արտադրված ֆիլմերը, հարազատ դարձած հին եւ սիրված ֆիլմերը, ինչպես նաեւ պրեմիերաներ: Ցուցադրությունների ընթացքում տեղի կունենան հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ, կհայտարարվի գրախոսականների մրցույթ, կլինեն 3 գրքերի շնորհանդեսներ:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքան է կազմել «Կինոաշուն-2011»-ի բյուջեն եւ ով է հոգացել ծախսերը, Գեւորգ Գեւորգյանը պատասխանեց, որ գլխավոր հովանավոր Ռուսաստանի հայերի միությունը տրամադրել է 25 հազար դոլար, իսկ մշակույթի նախարարությունը 3մլն դրամ: Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, ասուլիսի մյուս բանախոս Մհեր Շահգելդյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը եւ Հայերի համաշխարհային կոնգրեսը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում գիտության եւ մշակույթի զարգացման հնարավորությունները:
Նրա խոսքով` «Կինոաշուն-2011»-ը կարեւոր է, քանի որ սա մեր հայրենիքը ներկայացնելու, արվեստը ճանաչելու կարեւոր միջոցներից մեկն է եւ այն ընդգրկում է ամբողջ Հայաստանը:
Նշենք, որ «Կինոաշուն-2011» ազգային կինոյի ամիս ծրագիրը կանցկացվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ այս տարի այն նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին:
Կազմակերպիչների խոսքով` ամենամյա այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, եւ հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը:




























