Այսօր` սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանից, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, ձերբակալվածներից մեկը, նրա տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է: 

Անդրանիկ Միրզոյանն անգամ հարցը մինչեւ վերջ չլսեց եւ վրդովված տոնով սկսեց հայհոյել. «Տո տարածողի հերն եմ անիծել: Չկա, էդպիսի խոսակցություն չի կարող լինել ընդհանրապես: Էդ տարածողին դատի եմ տալու: Էդ տարածողը …ի տղա յա: Ոնց կարելի ա տենց բաներ անել, ում անունն ասես գրեցին: 27-ի գործը դառավ: Հիմա քեզ հայհոյեմ արդեն: Էդ տարածողն էլ է …ի տղա, հարց տվողն էլ: Էրեխեն նստած իմ կողքը ընդմիջում ենք անում էս պահին: Գործներիդ եղեք»: 

Մինչդեռ Մարսել Մաթեւոսյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ տեղյակ չէ իր որդու գտնվելու վայրից եւ ինքն էլ որոնում է նրան: Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի որդու, ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության բարձրաստիճան մի քննիչի որդու անունները: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Արդեն հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են լոկալիզացնել մինչեւ գազանանոց ընկած հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է Mercedes մակնիշի 60 ՕՕ 086 մեքենայով փախչել, սակայն շրջվել է ժայռից եւ տեղում մահացել: Ի դեպ, ոստիկանները մեքենայից հրազեն են հայտնաբերել:

Նախնական տեղեկություններով, մահացածը 30-35 տարեկան տղամարդ է, անունը Սերոբ:

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:

Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը:  Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։