Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է իր պետի` Անդրանիկ Միրզոյանի պահվածքն ու հայհոյանքները, որ նա իրեն թույլ էր տվել NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ըստ այդմ, «Միրզոյանի վրդովմունքը պայմանավորված է եղել նրանով, որ կայքերից մեկը տարածել էր, թե իր որդին էլ է բանդայի անդամներից մեկը` ուղղակիորեն արձանագրելով դա, ինչն ակնհայտ զրպարտություն է»: Նա կարծել է, թե թղթակիցն իր որդու վերաբերյալ է իրեն հարցնում եւ առանց հարցը մինչեւ վերջ լսելու վրդովմունք է հայտնել: Միրզոյանը պատրաստվում է դատի տալ տվյալ լրատվամիջոցին: 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյանի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանից, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, ձերբակալվածներից մեկը, նրա տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է: Անդրանիկ Միրզոյանն անգամ հարցը մինչեւ վերջ չլսեց եւ վրդովված տոնով սկսեց հայհոյել. «Տո տարածողի հերն եմ անիծել: Չկա, էդպիսի խոսակցություն չի կարող լինել ընդհանրապես: Էդ տարածողին դատի եմ տալու: Էդ տարածողը …ի տղա յա: Ոնց կարելի ա տենց բաներ անել, ում անունն ասես գրեցին: 27-ի գործը դառավ: Հիմա քեզ հայհոյեմ արդեն: Էդ տարածողն էլ …ի տղա, հարց տվողն էլ: Էրեխեն նստած իմ կողքը ընդմիջում ենք անում էս պահին: Գործներիդ եղեք»: 

Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության մի քննիչի որդու անունները: Հայտնի է դարձել, որ գործողության արդյունքում մահացել է մեկ մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60 OO 086  պետհամարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել է փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս են նետվել մեքենայից եւ փորձել փախչել ոտքով: Ըստ քննչական խմբի անդամների` նրանցից երկուսին հաջողվել է բերման ենթարկել, իսկ երրորդը փախուստի ժամանակ Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: