Եվրոգոտու 20 երկրներում տարեկան գնաճը մարտին դանդաղել է՝ հասնելով 6,9 տոկոսի։ Այս մասին են վկայում «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալության՝ ուրբաթ օրը հրապարակված նախնական տվյալները։
Եվրագոտում գնաճի մակարդակը շարունակել է նվազել հոկտեմբերից, երբ այն հասել է պատմական առավելագույնին` 10,6 տոկոս: Financial Times-ը նշում է, որ գների դանդաղումը փետրվարի 8,5-ից մինչեւ 6,9 տոկոս մարտին ավելի կտրուկ էր, քան սպասվում էր։
Էներգակիրների գների աճի տեմպերն ամենաշատը դանդաղել են մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 0,9 տոկոսով։ Փետրվարին էներգետիկան թանկացել է 13,7 տոկոսով։ Միաժամանակ պարենային ապրանքների, ալկոհոլի եւ ծխախոտի գներն աճել են 15,4 տոկոսով (փետրվարին՝ 15 տոկոս)։ Գնաճի ամենացածր ցուցանիշները գրանցվել են Լյուքսեմբուրգում (3 տոկոս), Իսպանիայում (3,1 տոկոս) եւ Նիդեռլանդներում (4,5 տոկոս): Ամենից շատ գներն աճել են Լատվիայում (17,3%), Էստոնիայում (15,6%) եւ Լիտվայում (15,2%)։
Հիմնական գնաճը, որը բացառում է էներգիայի եւ սննդի արժեքը, ընդհակառակը, եվրոգոտում հասել է եւս մեկ ռեկորդային բարձր մակարդակի եւ մարտին կազմել 5,7 տոկոս (փետրվարին՝ 5,6), նշում է FT-ն։ Հրատարակության կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով, դա հիմք կհանդիսանա Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից տոկոսադրույքների հետագա բարձրացման համար, որը նպատակաուղղված է երկու տոկոս հիմնական գնաճին:
Մարտին եվրոպական կարգավորիչը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 50 բազիսային կետով՝ մինչեւ տարեկան 3,5 տոկոս, ինչը անընդմեջ վեցերորդ տոկոսադրույքն էր։




























